Պատգամավորների ու գործադիրի մասնակցությամբ քննարկում ՄԻՊ աշխատակազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

.

Հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացին:

Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Արման Աբովյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով առանձին զեկույց:

Քննարկմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետի տեղակալը, ներկայացուցիչ Կոտայքի մարզպետարանից, ինչպես նաև փորձագետներ խորհրդարանից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ներկայում 4 գիշերօթիկ հաստատության լուծարման գործընթացը: Նա ներկայացրել է հաստատություններից դեպի ընտանիք երեխաների վերադարձի հետ կապված նախարարության ձեռնարկած քայլերը: Մասնավորապես, Ժ. Անդրեասյանը ներկայացրել է մանրամասներ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատման գործընթացի, ընտանիքների համար նախատեսվող աջակցության փաթեթի, ընտանիքներին աջակցող կազմակերպությունների և ծառայությունների վերաբերյալ:

Քննարկմանը կարևոր մասնակցություն են ունեցել ԱԺ պատգամավորները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին ուղղել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը՝ կապված հաստատությունները վերակազմակերպելուց հետո երեխաների ու նրանց ընտանիքների վիճակի, երեխաների կրթության ու մյուս իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Պատգամավորները նաև բարձրացրել են հարցեր, որոնք վերաբերում են հաստատությունների աշխատակիցների զբաղվածությանը այդ հաստատությունների փակվելու դեպքում:

Հանդիպման բոլոր մասնակիցները շեշտել են ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորման, ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: