Մետրոյի նոր կայարանի կառուցումն Աջափնյակում է նախատեսվում․ փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Հայկ Սարգսյան

Մետրոյի նոր կայարանի կառուցումն Աջափնյակում է նախատեսվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Աջափնյակ համայնքում խոշոր առևտրի կենտրոնի կառուցման շուրջ ընթանում են բանակցություններ, որոնք մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլին են հասել։ Ունենք նախնական համաձայնություն, նախագծային փուլից կֆինանսավորի ծրագիրը»,- նշել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ կքննարկվի նաև մետրոյի կայարանի՝ որպես բիզնես մոդելի կառուցման հարցը։

Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ հաջորդ գարնանը աշխատանքներ սկսելը հնարավոր կլինի։

«Կայարանը, ըստ ներդրողի հետ քննարկվող նախագծի, կամրջի վրա կլինի, զինված ժամանակակից կոնստրուկցիաներով։ Խնդիր է դրվել  կայարանի կառուցման տրամաբանությունը շարունակելի դարձնել դեպի հաջորդ հատված»,- ասել  է Սարգսյանը։

 Նրա փոխանցմամբ՝ աշխատանքների ավարտի ժամկետի հստակություն չկա։ Ծախսերի առումով, նախօրոք աշխատանքներ կան արված, ինչը թույլ կտա կրճատել ծախսերը։

Փոխքաղաքապետը նշել է, որ կան ընդունված չափանիշներ, որոնց համաձայն կայարանի 1 կմ-ի արժեքը 100 մլն դոլար է, բայց արդեն իսկ արված աշխատանքները թույլ կտան կրճատել ծախսերը։