Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News 

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին։ 

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ բարեկամներ,

Ի սրտե ողջունում եմ ձեզ՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի բոլոր մասնակիցներիդ:

Կրթության ոլորտը, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն և նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար:

Հայ ժողովուրդը և նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:

Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը և կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում եւ խորացում, առաջատար փորձի կիրառում:

Այս տեսանկյունից կարևոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների և քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը եւ համապարփակ ձեւով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ և անհատական հարթություններում:

Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Հաջողություններ և ամենայն բարիք բոլորիդ»: