Գուգարքում ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հոկտեմբերի 24-ին հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ժամը 19.30-ին համայնքային ոստիկանները Գուգարք գյուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգեցին նույն գյուղի 36-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ 21213» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց: Ըստ նրա` նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, փայտանյութը բենզասղոցով հատել էր Փամբակ գյուղի հարակից անտառից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: