Յուրաքանչյուրս մեզ վրա վերցնենք բարեփոխման պատասխանատվությունը, լծվենք գործի. Շուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցել են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ղեկավարներ և բնակիչներ:

Փոխնախարար Շուշանյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նմանօրինակ հանդիպումների պարբերաբար անցկացման անհրաժեշտությունը և միաժամանակ ընդգծել, որ շահագրգիռ կողմերի ու ոլորտային մասնագետների միջև ծավալվող առողջ բանավեճը ոլորտում առկա խնդիրները կառուցողական ճանապարհով հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցն է։

«Պայմանավորված մեր ոլորտի օբյկտիվորեն բարդ և բազմակողմ լինելու հանգամանքով՝ մենք խնդիր ունենք հարցերի լուծումն ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունների հաշվառման միջոցով։ Մեր ունեցած համատեղ աշխատանքային փորձը վկայում է, որ շոշափելի արդյունքների հնարավոր է եղել հասնել միայն այն դեպքում, երբ կողմերը սկսել են մեկ սեղանի շուրջ քննարկել հուզող հարցերը՝ լսելով նաև մյուսների տեսակետը։ Յուրաքանչյուրս մեզ վրա պետք է վերցնենք բարեփոխման պատասխանատվությունն ու լծվենք աշխատանքի: Ես լիահույս եմ, որ մեր նպատակները իսկապես համընկնում են և մենք կկարողանանք ցանկացած քննարկում կամ աշխատանք նման կառուցողական ոճով իրականացնել ու արդյունքներ գրանցել»,- ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: