Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

ՊՆ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի):

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ:

Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: