Նոր շրջադարձ՝ Ամուլսարի հարցում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

/

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջիկայում կհարցաքննվեն «Էլարդ» լիբանանյան ընկերության փորձագետները, որոնք մոտ մեկ տարի ուսումնասիրում էին Ամուլսարի հարցը, որպեսզի կառավարությանը ներկայացվի վտանգի վերաբերյալ եզրակացություն՝ կա՞, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ի վերջո, «Էլարդը» ավելի շատ խճճեց իրավիճակը, քան տվեց հասկանալու հստակ ուղենիշ:

Արդյունքում, իհարկե, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք:

Մյուս կողմից, սակայն, հանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, իսկ կառավարությունը քայլ չի անում բացելու ուղղությամբ, որովհետեւ դա առնվազն կհանգեցնի ոստիկանության հետ բախման, հատկապես նկատի ունենալով այն, որ իշխանության քաղաքական մրցակիցները կամ հակառակորդները՝ թե՛ նախկին իշխանությունից, թե՛ այլ ուժեր, կնպաստեն հանրության թվաքանակի աճին եւ, ըստ այդմ, բախման ուժգնությանը:

Ինչպես ՍԴ հարցում, այստեղ էլ ակնհայտորեն փակուղի է եւ ակնառու է, որ կառավարությունը փորձում է ձգել ժամանակ, թե ինչ սցենարային ակնկալիքով, միարժեք ասելը բարդ է: Եվ ահա, Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ նոր ուղղությամբ լինելու են հարցաքննություններ՝ կապված ՇՄԱԳ եզրակացության ստացման հետ:

Այսինքն՝ անգամ հնարավոր է, որ նոր հարցաքննությունների բերումով կասկածի տակ դրվի եղած ՇՄԱԳ-ը, եւ հայտարարվի նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Դա առնվազն կնշանակի եւս մի քանի ամիս ժամանակ: Իհարկե, սա որպես վարկած, որովհետեւ հնարավոր է նաեւ, որ հարցաքննությունը ի հայտ չբերի հանգամանքներ կամ ապացույցներ, որոնց հիման վրա անկասկած դառնա նոր ՇՄԱԳ իրականացնելու կարիքը:

Մի բան ակնառու է, որ կառավարությունն Ամուլսարի հարցում նոր նախաձեռնությամբ փորձում է առնվազն կարճաժամկետ ժամանակ ապահովել, իսկ ավելի երկարաժամկետ իմաստով՝ ամեն ինչ կամ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե նոր իրողությանն ինչպես կարձագանքի «Լիդիանը» եւ կգնա՞ միջազգային արբիտրաժի, թե՞, այդուհանդերձ, «Լիդիանն» էլ կգտնի եւս ժամանակ սպասելու իր պատճառները կամ շարժառիթները:

Միեւնույն ժամանակ հետաքրքիր է այդ հարցում նոր նախաձեռնության զուգորդումը ՍԴ ճգնաժամի, փաստորեն, նոր փուլի հետ, որն ըստ էության ձեւավորվում է Վենետիկի հանձնաժողովից ստացված իշխանության համար ակնհայտորեն ոչ այնքան հաճո հայտարարությունը՝ հանձնաժողովի նախագահի գնահատականը ստեղծված իրավիճակին: Անմիջական կապակցվածություն հարցերն անշուշտ չունեն, սակայն ակնառու է, որ ֆորմալ շրջանակից զատ, դրանք նաեւ քաղաքական ոչ ֆորմալ ընդգրկուն գործընթացներ են, որոնք ինչ-որ կետում գուցե եւ հատվում են միմյանց:

Արդյոք այստեղ կարո՞ղ է տեղ ունենալ այն, որ Ամուլսարի հարցում, գնալով նոր քննչական քայլի, իշխանությունը փորձում է որոշակի ամրության պաշար կուտակել գործընթացների այդ լայն շրջանակի իմաստով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում