Հայերը չեն կարող վերադառնալ Թել Աբյադ, թուրքերը սահմանափակում են դրել․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

«Ըստ վերջին տվյալների թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող»,- անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով․ «Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցում: Թել Աբյադը թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է, նրանք չեն թողնում»։

Սինանյանի խոսքով, ի տարբերություն երեք շաբաթ առաջվա, այս պահին Թել Աբյադի հայ բնակիչների հետ կապի մեջ չեն. «Մեզ ասում են, որ թուրքերը որոշ սահմանափակում են դրել որոշ ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ գոհ է Սիրիայի հարցում ՌԴ նխագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից, Սինանյանը նշեց, որ ծանոթ չէ խոսակցությանը, սակայն կարող է փաստերլ, որ դրա նախորդ օրը հայերը ցանկանում էին հեռանալ Ղամիշլիից, իսկ առավոտյան արդեն չէին ցանկանում. «Այս պահին հեռանալու ցանկություն որեւէ մեկի կողմից չկա: Հայերը չեն լքում իրենց տները»: