ՊՆ-ի կողմից զենքի մատակարարման մրցույթի գործի շրջանակում 2 քրգործ միացվել է 1 վարույթում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա երկու քրեական գործ միացվել է մեկ վարույթում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա քրեական գործերը միացվել են մեկ վարույթում»,- ասացին դատախազությունից:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է: