ՀՀ կառավարությունը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան և պետք է վավերացնի․ Բաթոյանը կողմ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան եւ հիմա պետք է վավերացնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ինքը կողմ է կոնվենցիային:

Անդրադառնալով հարցին՝ այդ կոնվենցիայի դեմ հանրության տրամադրությունները կարո՞ղ են ազդել գործընթացի վրա, Բաթոյանը նշեց, որ իրենց նախարարությունն այդ գործընթացի հետ առնչություն չունի. «Մեր գործառույթն է աջակցել նրանց, որոնք ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Մենք նաեւ նրանց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Ես կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել: Այս պահին սրանով սահմանափակված է մեր գործունեությունը»:

Իսկ արդյո՞ք հնարավոր չէ այդ ամենն իրականացնել առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, նախարարն ասաց, որ Հայաստանի գործող օրենսդրությունն այդ առումով թերի է. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց Կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»: