Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

դեսպան

Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) հոկտեմբերի 31-ին  իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին (Sauli Väinämö Niinistö)։ 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը և Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոն քննարկեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հելսինկի կատարած այցի շրջանակներում դեսպան Արզումանյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուհո Էրոլայի (Juho Eerola) հետ, ում հետ քննարկվեց Հայաստան-Ֆինլանդիա խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման և միջխորհրդարանական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարության հետ:

Ֆինլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ դեսպան Արզումանյանի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Ֆինլանդիա կրթամշակութային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: