Չինաստանը գնահատում է ՀՀ-ի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջև կապի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

,

Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում  ԵՊՀ-ի և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Չինաստան-Եվրասիա» միջազգային երկօրյա գիտաժողովին իր ելույթում նման տեսակետ է հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

«ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրի իրագործումը կարող է ստեղծել ավելի լավ պայմաններ՝ տարածաշրջանային ինտեգրացիայի համար, ապահովել ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ երկկողմ տնտեսական, առևտրային համագործակցության համար: Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, միևնույն ժամանակ օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ համակարգից: Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ»,- ասել է դեսպանն ու ԵԱՏՄ-ն տարածաշրջանում համարեց կարևոր ինտեգրացիոն կազմակերպություն և կարևոր գործընկեր ՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ կառուցման համար:

Գիտաժողովում քննարկվել են Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, երիտասարդ գիտնականներ՝ աշխարհի 16 երկրներից: 

«Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է աշխարհի տնտեսական կենտրոնը, այստեղից է առաջ շարժվում աշխարհի նոր գերտերությունը՝ Չինաստանը: Չինական տնտեսական և քաղաքական ազդեցությունն իր «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ տարածվել է թե հարավարևելյան, թե կենտրոնական Ասիայում, թե Մերձավոր Արևելքում»,- նկատել է նա:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը` որպես ԱԺ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ընդծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: «Մեր գործընկերային հարաբերությունները զարգացել են բազմաթիվ բնագավառներում, Հայաստանն իսկապես շատ բարձր է գնահատում Չինաստանի հետ համագործակցությունը»,- ասել է նա ու կարևորեց նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ Հայաստանում չինագիտության զարգացումը ԵՊՀ-ի առաջնահերթություններից է: «Մեր նպատակն է պատրաստել չինագետների, որոնք կընդգրկվեն ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայությունում, այնպես էլ հետագայում Հայաստանում կձևավորեն չինագիտական դպրոցը»,- ասել է նա ու շեշտեց՝ այդ գործում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել: