Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մասնագետները վնասազերծում են թափառող շներին 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են/քնեցնում են», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում շների ոհմակը երկու անգամ հարձակվել է Կենդանաբանական այգու կենդանիների վրա։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի լույս առավոտ», երբ շները հոշոտել էին 3 կենգուրի, իսկ երկրորդ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին լույս առավոտ, այս անգամ շները մուֆլոններ էին հոշոտել։