«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իհարկե՝ լավ է, որ բանակում զինծառայողների սննդի կազմակերպման նոր կարգ է սահմանվել։ Վաղուց ժամանակն էր՝ սոված զինվորն ինչպե՞ս կարող է իր պարտքը կատարել հայրենիքի առաջ, եթե այդ հայրենիքը պատշաճ չի կատարում իր «պարտքը» նրանց առաջ՝ սննդի, հագուստի, կացարանի, ջերմության ապահովման առումով։

Երեկ էլ արդարադատության նախարարությունն էր պրեսս-տուր կազմակերպել լրագրողների համար դեպի «Արմավիր» ՔԿՀ՝ ծանոթանալու սննդի նոր ծրագրին։
Սա էլ է հարկավոր ողջունել, քանզի 21-րդ դարում որևէ մեկը քաղցած կամ թերի սնված չպետք է լինի։ Իսկ դատապարտյալը կամ կալանավորը պատիժը պետք է կրի քաղաքակիրթ պայմաններում։ Սովահարությամբ խոշտանգելն արգելված է միջազգային չափանիշներով, և հանցանք կատարած մարդու պատիժը պետք է լինի մեկուսացումը հասարակությունից, այլ ոչ թե ցուրտը, քաղցը, հիվանդությունը։

Երեկ մեր լրագրողը հիացած էր եկել «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ կարողացել էին ծանոթանալ նաև խցերին, գրադարանին, արհեստանոցին, զրուցել էին դատապարտյալների հետ։ Ու թեպետ կալանավայրում խոնավություն է եղել և տհաճ հոտ, սակայն, ընդհանուր առմամբ, պայմանները եղել են տանելի։

Բայց պետք է հաշվի առնել, որ «Արմավիրն» ամենանոր կալանավայրն է, կառուցվել և շահագործման է հանձնվել 2014-2015 թվականներին, ուստի այստեղ առկա պայմաններն ու մյուս կալանավայրերում տիրող վիճակն անհամեմատելի են։

Ասենք, «Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են, և սննդի նոր ծրագիրն էլ այնտեղ դեռ չի հասել։ Հուսանք, որ սա առաջին քայլն է, և հերթը նաև մյուս կալանավայրերին կհասնի։ Ասում են՝ պետության որակը երևում է բանտերի ու բանակի նկատմամբ վերաբերմունքից։ Քաղաքակիրթ երկրներում մարդու համար մարդկային պայմաններ են ստեղծում՝ որտեղ ուզում է նա գտնվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս