Վարչապետը ներկայացնում է կառավարական առանձնատան վարսավիրանոցը, լողավազանը և այգին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ ցուցադրել է այն առանձնատունը, որտեղ տեղափոխվել է ընտանիքի հետ վարչապետ ընտրվելուց հետո։ 

Նույն այդ առանձնատանը պաշտոնավարման տարիներին ապրել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախքան հեղափոխությունը որոշվել էր, որ այս առանձնատունը, որն ինքն անվանում է «հանրապետության թիվ 1 առանձնատուն», պետք է սեփականաշնորհեր Սերժ Սարգսյան՝ որպես երրորդ նախագահ: Սակայն հեղափոխությունից հետո որոշումը կասեցվեց:

«Մեր կառավարությունը որոշում կայացրեց եւ սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղարկվեց: Մենք համարեցինք, որ այս առանձնատունը պետք է վերադարձվի պետությանը»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ, ի հեճուկս տարածվող լեգենդների, թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, կոպիտալ վերանորոգում չի եղել։

«Որևէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները, որևէ պատ չի քանդվել, որևէ սենյակ չի ավելացել: Այսինքն՝ ինչ եղել է, շարունակել է մնալ:

Այո, գույնն է փոխվել: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը լքել է այս տարածքը, բացի ներկառուցված կահույքից, ոչ մի բան չի մնացել, այսինքն՝ աթոռ, սեղան: Այս ընթացքում այն կահույքը, աքսեսուարները, որոնք «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, պահեստներում եղել են, օրինակ, «Ռոյալ»-ը, որ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղել են, գտել բերել ենք: Ինչ-որ բաներ էլ ձեռք է բերվել»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը իր աշխատասենյակը ներկայացնելիս այն անկյունը, որտեղ տեղադրված են եղել  հեղափոխական մոտիվներով արձանիկներ, կատակելով անվանել է «պաշտամունքային անկյուն»։

«Այստեղ մի փոքր անձի պաշտամունքային անկյուն է»,-ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ  կահույքի մեծ մասը, որ ավելացել է առանձնատանը, հայկական արտադրության է: 

Անդրադառնալով խոսակցություններին, թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, Փաշինյանն ասել է, որ առնվազն 10 անգամ պակաս գումար է ծախսվել: