ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօր մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի մոտ տեղի ունեցած միջոցառման տեսագրությունից մի հատված` արձանագրելով, որ այդ «մեղմ ասած անհայտ ծագման բեմադրությանը» մասնակցել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:
Թեհմինա Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»։
Հիշեցնենք, որ միջոցառման ընթացքում բախումներ էին գրանցվել միջոցառման կազմակերպիչների և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ արտահայտվող խմբերի միջև: Կար բերման ենթարկված: