Սևան-Երևան ավտոճանապարհի կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

հրազեն

Սևան-Երևան ավտոճանապարհին նոյեմբերի 2-ին հնչած կրակոցների դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: 24News-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։ 

Ավելի վաղ 24Newsհայտել էր, որ «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր  ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ 2 քաղաքացիներ են տեղափոխվել։ Նրանցից մեկը՝ 40-ամյա Գագիկ Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացել էր, մյուսը՝ 56-ամյա Արևշատ Ղազարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել։

Նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել էին Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկության՝ տեղում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

Գեղարքունիքի մարզի բնակիչները չէին բացառել՝ կատարվածը, հնարավոր է, վրեժխնդրություն լինի, որ մի քանի տարվա պատմություն ունի։ Ըստ տեղացիների՝ սպանվածը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ դեռևս նախորդ տարվա ամռանը կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ։ 29-ամյա Հայկ Հակոբյանը Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի որդին էր, նրան սպանողը՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանը, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին։