«ՀուԶԱՆՔ ու Զանգ» նախագծին 2,7 մլն դրամ է հատկացվել․ մեղադրանքներն անընդունելի են․ ԿԳՄՍ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ հետ կնքված պայմանագրում։ Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։

Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր», - ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին հայտնել էինք, որ Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում «Հուզանք ու զանգը» միջոցառման ժամանակ միջադեպ էր գրանցվել: Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը զելյոնկա էր լցրել կոնվենցիային կողմ արտահայտված մի աղջկա վրա, ապա սկսել հարվածել նրան։ 

«Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Ե իրենց վրա զելյոնկա եմ լցնելու»,-բողոքել է երիտասարդը, որին ոստիկանները բերման են  ենթարկել:

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երևանում գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։