Փայլանն արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է  Քըզըլթեփեի քաղաքապետի պաշտոնանկությանն ու վերջինիս փոխարեն պետական կառավարչի նշանակմանը: Այդ մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։ 

«Քըզըլթեփեի ժողովուրդը 6 ամիս առաջ իր կամքն է արտահայտել քվեարկությամբ` 70 % ձայն տալով: Այսօր այդ կամքը ոտնահարվել է:

Յուրաքանչյուր ընտրված, ով անտարբեր է իրավունքների այս ոտնահարմանը, երբ հասկանա, որ իր ձեռքով իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու»,-գրել է նա:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանի քրդամետ ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետ Նիլյուֆեր Էլիկ Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո` նոյեմբերի 4-ին նրա փոխարեն իշխանությունները պետական կառավարիչ (հոգաբարձու) են նշանակել Հյուսեին Չամին:

Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Քըզըլթեփեի քաղաքապետ Յըլմազի նկատմամբ․ նա մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» համար: