Պետությունը կիրականացնի 500 կմ ճանապարհի շինարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News 

.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրում է 2020-ին  500 կմ ճանապարհի շինարարություն կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է 250 կիլոմետրը ճանապարհի հիմնանորոգում: Մյուսը Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կենսական ճանապարհներն են, դրանք հիմնականում գյուղական ճանապարհներ են, շուրջ 70 կմ ճանապարհ կկառուցվի»,-ասաց նախարարն ու չբացառեց, որ միջոցների խնայման արդյունքում թիվը նույնիսկ աճի:

Եվս 70 կմ ճանապարհի շինարարության համար մրցույթները հայտարարված են, կա հաղթող, պետք է որոշակի աշխատանք սկսվի, ավարտվի գարնանը: Նախատեսվում է նաև 60 կմ ճանապարհի միջին նորոգում: «Դրան գումարում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը, որը կավարտվի մյուս տարի: Ստացվում է 500 կմ ավտոճանապարհ: Սակայն դա դեռևս ծրագիրն է, մենք պետք է աշխատենք, որ դա իրականություն դարձնենք»,-ասաց Պապիկյանը:

Այս տարի նախարարությունն իր առաջ խնդիր էր դրել 330 կմ ճանապարհ կառուցել,  այս պահին դրա զգալի հատվածը՝ շուրջ 300 կմ-ն արդեն լիովին ավարտված է: