Չեն քննադատում նրանց, ովքեր գործ չեն անում․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱՍ

«ՀուԶանք ու զանգ» ֆուտուրիստական ներկայացումը դրամաշնորհային ծրագիր է, իսկ նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ ինքը չի տեսել  ներկայացումը:

«Դա դրամաշնորհային ծրագիր է, որի շրջանակներում  ցուցադրված  ներկայացման ժամանակ ընթերցվել են 20-րդ դարի մեր հեղինակների գործերը Հանրապետության հրապարակում։ Արդյունքների մասին կխոսենք այն ժամանակ, երբ նրանք կարգի եւ պայմանագրի համաձայն կներկայացնեն իրենց ֆինանսական եւ բովանդակային արդյունքները։ Դրանից հետո նոր նախարարությունը կարող է գնահատական տալ։ Նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Նախարարի հրամանով ձեւավորվում են գեղագիտական խորհուրդներ, եւ այդ խորհուրդները  յուրաքանչյուր ուղղությունով, ըստ ներկայացված հայտերի, կողմ կամ դեմ են քվեարկում այդ նախագծերին եւ որոշում են կայացնում դրամաշնորհ տրամադրելու եւ չտրամադրելու վերաբերյալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ նախարարությունը տարեկան մոտ 903 միլիոնի դրամաշնորհային ծրագրերի գումար է հատկացնում եւ շատ չնչին տոկոսն է, որ հատկացվել է այս նախագծին՝ ընդամենը 0.3 տոկոսը։

Հարցին՝ ինչ չափանիշներով է կատարվում ընտրությունը,  նախարարն ասաց, որ հստակ չափանիշներ չկան. «Հանձնաժողովը գեղագիտական է, դժվար է շատ կոնկրետ չափանիշներ սահմանել մշակութային որեւէ նախաձեռնության համար, եւ մասնագետներն իրենց փորձի եւ գիտելիքների հիման վրա նման եզրակացություններ են տալիս, բայց որպեսզի սուբյեկտիվիզմ չլինի, իմ հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոնկրետ չափանիշներ է սահմանելու դրամաշնորհների համար։

Վերջին շրջանում  նախարարության հասցեին քննադատությունները շատացել են: Երբ որ գործ ես անում քննադատություն լինում է, չեն քննադատում  նրանց, ովքեր գործ չեն անում։ Այն լճացած վիճակները, որ եղել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտում, պետք է քննադատության արժանանան, որովհետեւ բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում շատ անմիջական առնչություն ունեն այդ թվում՝ կարծրացած, մաֆիոզ խմբերի շահերին, որոնք նախկինում այս ոլորտների հաշվին բարգավաճել են և հիմա պարզ, հասարակ, թափանցիկ տրամաբանություն է մտցվել համակարգում, բնականաբար, կան դժգոհություններ»։