ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ կանեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԵՊՀ

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները վաղը՝ նոյեմբերի 6-ին, բողոքի ակցիա և դասադուլ կանեն։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։

«ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները 09։30-ից դասադուլ են անելու՝ բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախագծի ու հայագիտության դեմ տարվող այլանդակ արշավի դեմ։ Դասադուլին միանալու է ամբողջ ֆակուլտետը, դասախոսները մեզ հետ են, այլ ֆակուլտետից նույնպես միացողներ կլինեն։ Սա նախազգուշական ակցիա է, որովհետև սրանից հետո դասախոսների հետ հավաքվելու ենք թե՛ նախարարության ու կառավարության շենքերի մոտ, թե՛ Ազգային ժողովի բակում։ Արայիկ Հարությունյանը պետք է իմանա, որ հայոց լեզուն հոր տնից չի բերել»,- ասաց նա։

Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նոր նախագծով ԲՈՒՀ-երում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը կդադարի պարտադիր լինել։

Սևակ Վարդումյան