Գարեգին Բ–ն ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն է հայտնել երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը և հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:

Իր հերթին ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարևորելով մշակույթի և եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս է հայտնել, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջև արդյունավոր համագործակցության ձևավորման համար:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար: