Վիտալի Բալասանյանն Արցախում ստորագրահավաք է անում, սեպ խրել չէ՞ սա. Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ վերջին հայտարարությունների շուրջ 24News-ը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ:                                                          
-Պարոն Մելքոնյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ, երբ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցով բանակցային սեղանին հայտնվի կոնկրետ գործողությունների ծրագիր, ապա այն չի կարող ստորագրվել այնքան ժամանակ, քանի դեռ չի անցել համազգային քննարկում։ Վարչապետը չբացառեց համաժողովրդական հանրաքվեի տարբերակը։ Ձեզ համար սա ընդունելի՞ մոտեցում է:             

-Ես դա հասկանում եմ հետևյալ կերպ. Արցախի հետ կապված ինչ հարց էլ, որ լինի, ժողովուրդը պետք է տա իր համաձայնությունը: Վարչապետն ասում է, որ ժողովուրդն է որոշելու:  Առայժմ, այդ հարցը չկա, բայց ես համոզված եմ, որ այդ ձևով պետք է լուծվի:                                

-Այսինքն, Դուք համամի՞տ եք այդ մոտեցմանը:            

-Այո: Ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե մի մարդ:                            

-Վարչապետը շեշտել էր նաև, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները ԼՂ-ի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Դուք ի՞նչ եք մտածում սրա շուրջ՝ հաշվի առնելով նաև այդ հարցով տարատեսակ հայտարարությունները:      

-Ես մի բան գիտեմ. եթե ժողովուրդն է որոշում այդ երկրի հարցը, ուրեմն իշխանություններն էլ պետք է ենթարկվեն ժողովրդին: Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի իշխանություններին, կարծում եմ՝ պետք է համագործակցված արվի ամեն ինչ: Իհարկե, տարաձայնություններ կլինեն, դրա համար էլ վարչապետն ասում է՝ պետք է ժողովուրդը որոշի, որպեսզի տարաձայնություններ չլինեն, որպեսզի որևէ բան մեկը չգցի մյուսի վրա:            

-Մեկ մեջբերում ևս. Փաշինյանը նշել էր, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառում է: Մինչդեռ, Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ սեպ խրելու և դավադրություններ հյուսելու վերաբերյալ մեկ անգամ չէ, որ և՛ վարչապետը, և՛ իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ խոսել են: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ն մարդիկ, ովքեր կցանկանան սեպ խրել և ինչի՞ համար։             

-Իհարկե, կան մարդիկ: Ներկա դրությամբ այդ գործընթացը գնում է: Օրինակ, Վիտալի Բալասանյանն ամբողջ Արցախում ստորագրահավաք է կազմակերպում՝ կապված Քոչարյանի հետ: Սեպ խրել չի՞ սա:         
-Ինչի՞ համար կարող է դա արվել:            

-Շահի համար, որպեսզի Արցախում իրենց իշխանությունը պահեն: Հայաստանում իշխանությունը փոխվել է, իսկ Արցախում՝ ոչ: Եվ իրենց սատար է կանգնում Հայաստանի նախկին իշխանությունը: Նրանք ցանկանում են հարվածել նաև Հայաստանի իշխանությանը:       

-Ինչի՞ համար:             

-Դա իրենց պետք է հարցնես. պետք է ասես՝ ա՛յ դավաճաններ, ա՛յ սրիկաներ, ինչի՞ համար եք ուզում սեպ խրել, ի՞նչ եք ուզում, մի երկիր ենք, մի ժողովուրդ ենք: Եվ մեր ժողովուրդը պետք է համերաշխ ապրի ու պայքարի արտաքին թշնամու դեմ:

Հարցազրույցը՝ Մերի Մարտիրոսյանի