Վազգեն Մանուկյանի կնոջը հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես նշում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին իրեն մոտեցել է ոստիկանության աշխատակիցն ու հրավիրել օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում արած գրառման համար:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։

Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։

Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։

Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները: