Հաստատ կարող եմ ասել, որ դա կոռուպցիա չէ, բայց ներկայացվում է այդպես․ Նարեկ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

քայլ

«Որոշ բաներ պատմածով, լսելով գիտեմ, բայց վստահ չեմ, որ չարաշահում եղել է թե ոչ, արդյոք նման բան տեղի ունեցել է, թե ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի կողմից հնչող մեղադրանքներին, որոնք ուղղված էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ նրա խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանին:

«Շատ դեպքերում շատ բաներ ներկայացվում են որպես կոռուպցիոն երեւույթ, գործարք, այդ թվում պաշտոնյաների հեռավոր բարեկամներին ինչ-որ պաշտոններում նշանակվելը կամ մրցույթով հաղթել ու նշանակվելը: Հաստատ կարող եմ ասել, որ դա կոռուպցիա չէ, բայց ներկայացվում է այդպես: Հիմա պետք է հասկանալ, թե արդյոք ինչ-որ օրենքի կամ իրավական ակտի խախտում կա, թե ուղղակի մենք այդպիսի ընկալում ունենք: Կարող է որեւէ խախտում չկա, բայց մենք այդպիսի ընկալում ունենք: Պետք է հասկանալ, միգուցե անհրաժեշտ է իրավական հարցերը համապատասխանեցնել ընկալումներին»,-ասաց Նարեկ Բաբայանը:

Հարցին՝ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ առնչություն ունեցող անձանց հետ կապված պատմություններ էլի են եղել, Բաբայանը նկատեց, որ չկա որոշակի շրջանակ կամ շրջապատ, կա կառավարություն. «Ամբողջ կառավարությունը վարչապետի, փոխվարչապետների շրջանակն ու շրջապատն է: Ես չէի տարանջատի: Վստահ եմ, որ որեւէ բան չկա, եւ պետք չի այդտեղ ինչ-որ բաներ փորձել գտնել: բայց իհարկե, պետք է քննարկել ու հասկանալ՝ այդտեղ խնդիր կա, թե չկա»:

Նշենք, որ ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբեք գործունեություն չի ծավալել, այսօր հանդիսանում է ՀՀ խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում։ Նա վստահ է, որ Ավետիք Էլոյանը այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։