Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պատոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։