Դուք ո՞վ եք, որ զբաղվում եք բուժքույրերի աշխատավարձերի հարցով․ 19-րդ պոլիկլինիկայի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

19-րդ պոլիկլինիկայի դպրոցական բուժքույրերն արդեն երկրորդ ամիսն է պակաս են վարձատրվում։ 24News-ի հետ զրույցում բուժքույրերը նշեցին, որ իրենք վարձատրվում են դպրոցի աշակերտների թվով, որն իրենց կողմից սպասարկվող դպրոցներում ոչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է, սակայն աշխատավարձերը նվազել են։ Այս հարցով բուժքույրերը հոկտեմբերին հանդիպել են իրենց ղեկավարի՝ պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ։ Վերջինս հորդորել է սպասել վերահաշվարկի։ 

«Տնօրենը մեզ հորդորեց սպասել մինչև հոկտեմբերի վերջ, քանի որ վերահաշվարկ են անելու։ Բայց նաև ասաց, որ խնդիրը ինքը բարձրացրել է Առողջապահության նախարարությունում և քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուին։ Նա խոստացավ՝ լուծում կտրվի։ Փաստորեն, նախորդ տարի բարձրացրին, որ այս տարի այլ ճանապարհներով իջեցնե՞ն։ համբերատար սպասեցինք հոկտեմբերի աշխատավարձին։ Հաշվապահությունից կրկին տեղեկացել ենք՝ վերահաշվարկի արդյունքում ոչինչ չի փոխվել»,-ասաց բուժքույրերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին 1,5 տարվա ընթացքում պոլիկլինիկաներում աշխատող բուժքույրերի աշխատավարձերը 2 անգամ բարձրացրել է․ 2018թ․ օգոստոսին՝ 15%-ով, իսկ 2019թ․ հունվարին՝ 10%-ով։ Արդյունքում, մեկ աշակերտի դիմաց պետությունը պոլիկլինիկային փոխանցում է 171 դրամ, նախկին 132 դրամի փոխարեն։

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, 24News-ը կապ հաստատեց 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ։ Վերջինս հարցը լսելուն պես պատասխանեց․ «Դուք մեր բուժքույրերի աշխատավարձի հետ ի՞նչ գործ ունեք։ Եթե ինչ-որ մի բուժքույր խնդիր ունի իր աշխատավարձի հետ, շատ հանգիստ կարող է մոտենալ ինձ կամ հաշվապահություն։ Դուք ո՞վ եք, որ զբաղվում եք բուժքույրերի հարցով»։

Հարցին, թե իր կարծիքով լրագրողն իրավունք չունի՞ բարձրացնել բուժքույրերի՝ անհիմն իջեցված աշխատավարձերի հարցը, պոլիկլինիկայի տնօրենը պատասխանեց․ «Իհարկե, իրավունք չունես զբաղվելու, եթե խնդիր ունես քեզ հետաքրքրող, գրավոր դիմի, ցտեսություն»։

Նշենք, որ բուժքույրերի աշխատավարձերի հարցով 24News-ը նաև դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից հորդորեց գրավոր դիմել, քանի որ հարցը հավելյալ ուսումնասիրություն է պահանջում։