ԵԱՏՄ-ից ստացված միլիարդների օգուտն ու «հայկական մուննաթը» 

ԵՐԵՒԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ,  24News

ԵԱՏՄ

Երբ Հայաստանը սկսեց բանակցել Եվրասիական տնտեսական միության անդամակցության շուրջ, խնդիր դրեց իր առջև հնարավորինս շատ արտոնություններ ստանալ՝ տնտեսությունը նոր միությանը հարմարեցնելու համար։ Բավական ծանր ու արդյունավետ բանակցությունների շնորհիվ ի թիվս այլ արտոնությունների ԵԱՏՄ անդամ մյուս երկրները համաձայնեցին Հայաստանին թույլ տալ ժամանակավորապես  մաքսազերծել դրսից ներկրվող մեքենաները ներքին մաքսային կանոնների համաձայն։ Այսինքն, եթե Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Բելառուսն ունեին ընդհանուր մաքսային գին, մեր երկիրն այս նույն գործառույթն իրականացնում էր մեկ այլ՝ շատ ավելի էժան գնով։ Սա էր պատճառը, որ նույն մաքսային միության անդամ երկրների քաղաքացիները հազարավոր կիլոմետրեր կտրում ու գալիս էին Հայաստան՝ այստեղից  մեքենա գնելու համար։ Այդ նույն մեքենան նրանք այլևս իրենց երկրում մաքսազերծելու անհրաժեշտություն չէին ունենում, ուստի անգամ երկար ճանապարհ անցնելն ավելի ձեռնտու էր, քան՝ տեղում գնելը։ Այս արտոնության շնորհիվ միայն այս տարի մեր բյուջե մտել է շուրջ 55 մլրդ դրամ, մնացյալ տարիների եկամուտները նույնպես բավական տպավորիչ են։ Հաջորդ տարի, սակայն, Հայաստանը, ինչպես և նախօրոք պայմանավորվել էին, միանում է խաղի ընդհանուր կանոններին, որը նշանակում է, որ մաքսազերծումից ստացված «լևի» գումարներ այլևս չեն լինի։Սակայն վերջին մի քանի ամիսներին հայաստանյան որոշ պաշտոնյաներ ու գործարարներ ակնարկներ են անում, թե «ԵԱՏՄ-ի պատճառով Հայաստանը հաջորդ տարի կկորցնի կլորիկ գումարներ»։ Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, սակայն, ազնվությունը ստիպում է նշել, որ մեր երկիրը հաջորդ տարի ոչ թե կկորցնի գումարներ, այլ 5 տարի հնարավորություն է ունեցել «անաշխատ եկամուտ» ստանալ։ Այսինքն, երբ պետությունը մուտք է գործում մեկ ընդհանուր մաքսային միություն, օգտվում բոլորի կողմից հավաքված մաքսավճարներից, պարզ է, որ չի կարող իրեն թույլ տալ որևիցե ապրանքատեսակ ավելի ցածր գնով ներմուծել, որովհետև այդ դեպքում ստանում է արտոնյալ կարգավիճակ։ Ու հիմա տարօրինակ է, որ պետական մակարդակով ոչ թե խոսվում է այն մասին, որ այս արտոնությունը մեզ համար հավելյալ փող աշխատելու հնարավորություն  էր, այլ կարծես թե փորձ է արվում քաղաքական պատասխանատվությունը նետել ԵԱՏՄ-ի վրա, ինչը, նույնպես, մեղմ ասած արդար չէ։ Պետք է նաև նկատել, որ ԵԱՏՄ անդամակցության արդյունքում ամեն տարի մեր երկրին փոխանցվող մաքսային ընդհանուր համակարգից ստացված գումարները նույնպես չեն արտահայտում երկրի իրական պոտենցիալը՝ դրանք ավել են, քան իրականում հասնում է մեզ։ Հիմա, այլևս, ընտրության հարց է՝ փորձել պատասխանատվությունը նետել դեպի ԵԱՏՄ, թե շարունակել աշխատել այդ խոշորագույն միջազգային կառույցում այնպես, որ Հայաստանը շարունակի հնարավորինս շատ օգուտներ ստանալ։

Սուրեն Կամսարական