Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունները չի վերահսկի․ նախագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

կառավարություն

Գործադիրի հերթական նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության հավանությանը չարժանացավ։

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումն իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ և իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ այդ կերպ խնայելով նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունն հիմնավորում է․  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` հեռախոսային խոսակցությունների վերահսկման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ համակարգում գործող վարչությունը այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա:

Ոստիկանությանը նման իրավասություն վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաև արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։

Նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանը ապահովելու համար, հակառակ դեպքում  ոստիկանությանը նման լիազորություն տալը կկրի վերացական բնույթ: