Սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի․ Վազգեն Մանուկյանը՝ ՀԽ անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Վազգեն Մանուկյան

 Հանրային խորհրդի նիստում խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է թերթերում մեղադրանքներին՝ թե ինչու հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը։

«Մինչև մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել, անշնորհակալ գործ կլինի և վնասակար մեր պետության համար։ Բանակցությունները եղել են բավական ճկուն, ամբողջ այդ ժամանակահատվածում՝ 20 տարուց ավելի, Հայաստանը վաստակել է կառուցողական կողմի իմիջ, Ադրբեջանը՝ ձախողող», - ելույթում ասել է ՀԽ նախագահը։

Խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով կան չկատարված հանձնարարություններ, որոնք տրվել են վարչապետի կողմից։

«ՀՀ վարչապետը Հանրային խորհրդի հետ հանդիպման ընթացքում ասաց քննարկեք և վեր հանեք այն ստատուս քվոն, որն առկա է հասարակության ներսում», - նշել է Սաֆարյանը։

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը հակադարձելով Սաֆարյանին՝ ասել է․

«Ձեր գիտակցությունն այնպե՞ս է, որ բազմակարծիք հասարակության մեջ կարող է լինել ստատուս քվո»։

Վազգեն Մանուկյանն ի պատասխան շեշտել է, որ սպեկուլյացիաների մեջ չի մտնի, չի ուզում ներքաշվել քննարկումների մեջ, մասնավորապես նախկին իշխանություն-նոր իշխանություն թեմայով քննարկումների։

«Հայաստանի և Արցախի միջև պետք է ստեղծել դաշինք, պետք է պայմանագիր կնքել, ըստ որի կարգավորվում են մեր բոլոր հարաբերությունները։ Երկրորդ հարցը, որ բազմիցս քննարկվել է Հայաստանում՝ միգուցե պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Կա նաև հարցը, որ վերջերս է առաջացել, թե Ղարաբաղը Հայաստանի մարզ է և այլն, մենք այդտեղ քննարկելու բան չունենք։ Ռազմավարական դաշինքի և Ղարաբաղի անկախության հարցերը քննարկելի են»,- ասել է Մանուկյանը։

Հարցը դրվել քվեարկության և միաձայն որոշում է կայացվել՝ հանձնաժողովներում քննարկումներ կլինեն, հարցերը կքննարկվեն նաև Հանրային խորհրդում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news