Երևանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Լավրով

2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդեւի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երեւանի արտաքին առեւտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

«Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձեւավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ 

Անդրադառնալով Երևանի վարած արտաքին քաղաքականությունը, Լավրովն ասել է, որ այն կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ:

«Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված եւ արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է:

Լավրովը նշել է, նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան եւ Երեւանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաեւ ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:

Աղբյուրը՝  «Մեդիամաքս»։