Հայ-թուրքական կապերի կարգավորումը Երևանի և Անկարայի երկկողմ օրակարգի հարց է․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Լավրով

Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին  գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ փաստաթղթերը ներառել են երկու կողմերի համար զգայուն հարցեր՝ արձանագրությունների կատարման «որեւէ նախապայմանի բացակայության» մասին դրույթը եւ արձանագրությունները տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում իրագործելու անհրաժեշտության մասին կետը։

«Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում»,- նշել է նա:

Ըստ Լավրովի՝ հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ եւ առաջ, Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է:

«Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։