Մնացականյանն ու Գալագերը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ագ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին, քաղաքական երկխոսությանը, երկկողմ և բազմակողմ համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հանդես են եկել մամուլի հայտարարությամբ, որում ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ  հարաբերությունների ուղղությամբ։

«Արքեպիսկոպոս Գալագերն իր մեծ ավանդն ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։ Մեր պատմական առնչություններն ու հարաբերությունները թեև դարերի պատմություն ունեն, սակայն դրանք նոր լիցք ստացան Հայաստանի անկախությունից ի վեր»,-ասաց ԱԳ նախարարը։

ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին,  Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանությանը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահմանման հարցերին։ ԱԳ նախարարը գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու հարցի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումները։

«Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ՝ անդրադարձ կատարեցինք այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին։ Պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան քահանապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար։ Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության ու պատմական արդարության տեսակետից, այլ նաև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,-ասաց ԱԳ նախարարը։

ԱԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներքին օրակարգն ու երկրի բարեփոխումներին ուղղված կառավարության աշխատանքը։