Հաղորդում է ներկայացվել Արարատի մարզպետի կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։

«Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Դատարանի որոշումը ուղարկվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջնորդելով անհապաղ կարգադրություն արձակել՝ նախկին կարգադրությունը վերացնելու մասին և վերականգնել նախկին փաստական և իրավական վիճակը։ Այսինքն՝ վերականգնել Նորայր Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի պարտականությունները մինչեւ դատական վեճի ավարտը, սակայն մարզպետը հրաժարվել է այն կատարել։ «Մենք ուղղակի իրազեկել ենք մարզպետին, որ կա այսպիսի դատական ակտ, դատարանի որոշում և, որ դա պարտադիր կատարման ենթակա է ՀՀ տարածքում։ Մարզպետը պարզաբանեց՝ վարչական ակտի կասեցումը չի ենթադրում դրանից առաջ կատարված գործողությունների և գոյություն ունեցած իրավիճակի վերականգնույմ։ Փաստացի՝ մարզպետն այս գրությամբ նշեց, որ հրաժարվում է նախկին վիճակը վերականգնել»,- ասաց Մակինյանը։ Փաստաբանը նշեց, որ փաստական հանգամանքերը վկայում են այն մասին, որ գործ ունենք առերևույթ հանցագործության կատարման հետ և ըստ այդմ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «ՀՔԾ-ն որոշում կայացրեց մեր հաղորդման առթիվ քրեական գործ հարուցելը մերժել՝ պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված է եղել հանրային շահով։ Վարչական դատվարության օրենսգիրքը նախատեսում է այդ բացառությունը՝ հանրային շահով պայմանավորված լինելու պայմաններում, բայց դա քրեական հետապնդումն իրականացնող մարմին չը չէ, որ պետք է որոշի, թե ինչ շահով են պայմանավորված եղել այդ գործողությունները։ Բացի դա, մենք ունենք կարևոր հանգամանք, որ հանրային շահով պայմանավորված չէր Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելը և նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարված են անձնական դրդապատճառներով պայմանավորված։

Խնդիրն այն է, որ մարզպետը ԱԺ ընտրությունների ժամանակ խնդրել է աջակցել իրեն ընտրություններում, խնդրել է նաև Գրիգորյանին անդամակցել ՔՊ կուսակցությանը, ինչը նախկին գյուղապետը մերժել է։

Ա.Մակինյանը հայտնեց, որ պատրաստվում են ՀՔԾ որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ «Տեսնենք Դատախազությունն ինչ ընթացք կտա։ Եթե անկեղծ լինեմ սպասելիքների չունենք։ Դատական կարգով եւս կբողոքարկվի իհարկե։ Արդեն քրեաիրավական ճանապարհով պետք է գնահատական տրվի օրենքի պահանջների չկատարմանը»,- նշեց Մակինյանը՝ շեշտելով. «Անկախ զբաղեցրած պաշտոններից ՀՀ-ում օրենքները պետք է կատարվեն, անկախ նրանից՝ կատարողներն ինչքանով են ուզում կամ չեն ուզում»։ Փաստաբանի խոսքով՝ արվելու է ամեն ինչ Նորայր Գրիգորյանի իրավունքները վերականգնելու և նրա իրավունքները խախտող անձանց արարքներին համապատասխան գնահատական տալու համար։

Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել մարզպետի կողմից օրենքի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքը՝ փաստաբանը նշեց. «Կարող է պայմանավորված լինել առաջինը նրանով, որ մտածում է, որ օրենքի սանկցիաների պատժելիության ինստիտուտը չի կարող իրեն հասնել։ Որպես վարկած կարող եմ դա դիտարկել, որովհետև փորձը ցույց տվեց, որ ՀՔԾ-ն հրաժարվեց մարզպետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ընդհանրապես գործ չհարուցվեց՝ թեկուզ փաստի առթիվ։ Երևի մարզպետը բավարար հիմքեր ուներ ենթադրելու, որ այսօրվա իշխանության պայմաններում իր նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցվել։ Չնայած մենք հուշել էինք շատ մանրամասն և գրավոր։ Ես դա չեմ կարող կապել օրենքի չիմացության հետ։ Արհամարհական, դիտավորյալ վերաբերմունք է Արարատի մարզպետի կողմից»։