«Ողջո՛ւյն գեներալին», «առողջությո՛ւն զորավարին»․ Մանվել Գրիգորյանին ծափերով են ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Մանվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի քննությունը: Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելու է Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը:

Դատական նիստի ժամանակ ներկա է եղել նաև Մանվել Գրիգորյանը: Նրան դատական նիստերի դահլիճ են բերել սայլակով, շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, արհեստական ապարատը միացրած:

Մանվել Գրիգորյանին դահլիճում հավաքված նրա աջակիցները ընդունել են «ողջո՛ւյն գեներալին», «առողջությո՛ւն զորավարին» վանկարկումներով ու ծափերով:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: