Ես եմ Աննա Վարդապետյանին առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

«Զրուցել եմ Աննա Վարդապետյանի հետ, որի ընթացքում ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, պատճառները մի քանիսն են»,- անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության,  կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել:

Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների  փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ  նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, դեռ հարց է, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ Վարդապետյանը։ Նախարարը նաև նկատեց, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չեն եղել։