Գևորգ Պետրոսյանն անգամ տղայական կերպարի մեջ է ձախողում. Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Շարքային, կենցաղային միջադեպ էր, երկու ընկեր մի փոքր տոնայնություն են բարձրացրել: Դեպքերի հետագա զարգացմանն ինքս էլ ներկա էի, մթնոլորտը ջերմ էր, հումորային: Խմբակցության ներսում, միջանցքներում հարցեր չենք լուծում, ու նման պահելաձևը մեզ համար անընդունելի է»,- 24News-ի  հետ զրույցում ԱԺ-ում երեկ՝ նոյեմբերի 12-ին, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեսակետ հայտնեց նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նա հավելեց, որ եղածի մասին մանրամասներ է հաղորդել անձամբ Սիմիդյանն, ինչն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, և հավելելու ոչինչ չկա:

Դառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ երեկ մերժված նախագծին, որը միասեռ զույգերի  ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելու դեմ էր, Փամբուխչյանն ասաց. «Պետրոսյանն աչքի է ընկնում անհեթեթ նախագծեր ներկայացնելով: Այդ նախագծերը ոչինչ չեն տալիս: Մեր Սահմանադրությամբ ու օրենքներով այդ ամենը կարգավորվում է: Նա հերթական անհեթեթ նախագիծն էր բերել, ինչի ներկայացման ընթացքում լեզուն մտքից առաջ ընկավ ու գուցե անգիտակցաբար փորձեց վիրավորել մեր ընտանիքներին, ինչից հետո բնական էր մեր արձագանքը: Պետրոսյանը տղայական կերպար է որդեգրել, ու հասարակությանը փորձում է ներկայացնել, թե ի տարբերություն խորհրդարանական մեծամասնության, որը փորձում է խարխլել ավանդականությունը, ինքը դրա պաշտպանն է: Այնին,չ նա ընդամենը մանիպուլյացիայով է զբաղված, բայց անգամ այդ տղայական կերպարի մեջ է ձախողում պարոն Պետրոսյանը», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։