Գրպանահատության համար պատիժը կխստացվի․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ԱԺ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Նիստում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:

Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում նշվել էր, որ ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները:

Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ․ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: