Փաշինյանը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

կառավարություն

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին, հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում։

«Նախորդ կիրակի մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», - ասել է Փաշինյանը, ապա տեղեկացրել, որ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ինչպե՞ս են իրականացվել:

Նիկել Փաշինյանը նաև կոչ է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույն բանն անել:

«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու», - ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ վարչապետը Եղեգնաձոր այցի ընթացքում դժգոհություն էր հայտնել բակային տարածքների և լուսավորության բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակից: