Ամանորին հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում դեպի տոնածառը․ ծախսը՝ 54 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Հրապարակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երևանի քաղաքապետարանի վրա։

«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի՝ մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման՝  նախատեսվել է 271 797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետևյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ և «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երևանի քաղաքապետարանը», - գրել է Հակոբ Կարապետյանը։