ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

սդ

Կառավարությունը հավանություն տվեց «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է կյանքի կոչել 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել։

«2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային ժողովը երեքին՝ հանրապետության նախագահի, երեքին՝ կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության փոփոխության պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Իսկ հաշվի առնելով, որ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, որպիսի հանձնառությունն արտացոլված է նաև Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, ամենայն հավանականությամբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելը կյանքի չի կոչվի:

Կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել է կոռուպցիայի բարձր մակարդակ և այն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարություններով խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների և իրավապահ մարմինների բարեվարքությունը: Եվ կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի համակարգի ներդրումը այդ քայլերից հերթականն է:

Այսպիսով, նախագծերով առաջարկել ենք Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա: Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող կառուցակարգի համաձայն պահպանվում են Սահմանադրական դատարանի դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները: Մասնավորապես առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն, իրապես, կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես՝ Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման:

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում», - ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։