ՔԿ-ում հարցաքննվել են Սանասարյանի կողմից «վրաերթի» ենթարկված երեխան և նրա մայրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Իրավական

«ՔԿ-ում հարցաքննվել են առերևույթ վրաերթի ենթարկված երեխան և նրա մայրը։ Այս պահին քննություն է ընթանում։ Հաջորդ հարցաքննության խնդիր դեռ չունենք, քննչական գործողություններ են ընթանում, սակայն նախազգուշացրել են նախաքննության տվյալները դեռ չհրապարակել», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Փաստաբանի խոսքով՝ երեխայի դատաբժշկական փորձաքննության տվյալները հայտնի են, և 242 հոդվածի 1-ին մասով քրեական գործերը հարուցվում են միայն այն դեպքում, երբ վնասը միջին կամ ծանր է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվել էր քննչական կոմիտեին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանը նոյեմբերի 13-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՔԿ-ում։ Այս մասին 24News-ին հայտնել էր ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ ենթադրաբար վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դեպքից հետո երեխան տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: 

Նշենք, որ Դավիթ Սանասարյանը հերքել էր մամուլի հրապարակումները և ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է: Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։

Սոնա Գրիգորյան