Unibank

Unibank Mobile

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գործարք տեղի ունեցավ, ինչը Ցեղասպանությունը ճանաչմանը խոչընդոտեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է՝ պատահական չէր, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Սենատի` Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեհեմը։

Սենատորը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:

Ըստ Սաֆրաստյանի՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնցից մեկը վերաբերում էր Սենատում Հայոց ցեղասապնությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելուն, ինչի համար հաշվի է առնվել նաև Մերձավոր Արևելքում, Սիրիայում Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերի համար:

«Այսինքն` հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքին»,-ասել է Սաֆրաստյանը:

Նա ընդգծել է, որ կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով հասկանալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև եղած գործարքները, չնայած, որ դրանց մասին առանձնապես չի բարձրաձայնվում:

«Առաջին բանը, որի վերաբերյալ երկու նախագահները կարողացել են գալ համաձայնության՝ ռուսական S 400 հակաօդային համակարգերի` Թուրքիայի կողմից քննարկման, գնման և տեղակայման խնդիրն է, որն էլ կողմերը որոշել են դնել մի կողմ»,-ասել է Սաֆրաստյանը:

Երկրների նախագահները համաձայնության են եկել նաև քրդական հարցի շուրջ, որն ըստ Սաֆրաստայնի նաև նավթի հարցին է առնչվում։  

«Կարելի է եզրահանգումներ անել։  Ամերիկացիները շարունակելու են Սիրիայի տարածքի նավթահորերը պահել իրենց ձեռքում։ Քրդական գործոնն էլ հետևյալն է` թուրքերն ու ամերիկացիները, հավանաբար, եկել են համաձայնության, որ պետք է քրդերին հնարավորիս հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի պահանջն է, և կենտրոնացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են հանքերը»,- ասել է Սաֆրաստայնն ու հավելել, որ Ամերիկացիները կողմ են պահանջին, քանի որ երբ  Սիրիայում սկսվի կարգավորման իրական գործընթաց, քրդերի միջոցով հնարավոր կլինի ստեղծել ինքնավար պետություն, ինչը թույլ կտա ամերիկայի հսկողության տակ պահել նավթահանքերը։

Տեսանյութեր

Live

Լրահոս