Գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալված փաստաբաններն ընդունել են մեղքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Իրավական

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալված փաստաբաններ Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանն ազատ են արձակվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Փաստաբաններն ընդունել են առաջադրված մեղադրանքները և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի 2 անդամներն, ըստ պայմանագրերի՝ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել Վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090  դրամին համարժեք 7000 դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:

Այդ պատրվակով ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը՝ փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ Գումարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների խուզարկության արդյունքում։

Մերի Մարտիրոսյան