ԿԳՄՍ նախարարը չի դիմել ՀՔԾ․ նստացույցի մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի դիմել ՀՔԾ՝ իրեն նախորդած նախարարների պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած հնարավոր հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար»,- ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ ընթացող ասուլիսին հայտարարեց նստացույցի մասնակից  Քրիստինե Վարդանյանը։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, ՀՔԾ եւ դատախազություն՝ հղում անելով Արայիկ Հարությունյանի կողմից հնչեցված մտքին, որ վերջինս արդեն դիմել է  համապատասխան մարմիններին, որպեսզի ստանա բոլոր այն դատական գործերը, բոլոր այն տվյալները, որոնք վկայում են իրենց նախորդած չարաշահումների մասին»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ երեկ ՀՔԾ-ից պատասխան են ստացել այն մասին, որ ԿԳՄՍ –ի կողմից որեւէ հարցում չեն ստացել։

«Այսօր լրանում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, որի շրջանակում մյուս մարմիններն էլ պետք է պատասխանեին մեր հարցմանը»,- նկատեց նա։

Հիշեցնենք, ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իր իրերը հավաքելու համար նախարարության շենքի առջեւ ՀՅԴ-ական երիտասարդների կողմից թողած արկղերը լցնելու է ՀՅԴ-ական նախարարների օրոք տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով։ Նա նշել էր, թե արդեն դիմել է համապատասխան մարմիններին այդ գործերը ստանալու համար։