«Իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում» ելույթ-շարադրությունների մրցույթի հրավեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

.

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է շարադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնարավոր ելույթի տեքստ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը նվիրված միջոցառման շրջանակներում։

Բովանդակություն

Ելույթ-շարադրությունում պետք է անդրադարձ կատարվի հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին և ընթացող ցեղասպան դրսևորումներ ունեցող գործողություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին, կանխարգելմանն ուղղված միջազգային կառույցների գործողություններին և թերացումներին, թերացումների պատճառներին ու դրանց վերացման ճանապարհներին:

Մրցույթի պայմանները

* Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 25 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

* «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ելույթ-շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 800 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:

* Մասնակիցները երաշխավորում են իրենց հեղինակային իրավունքները ներկայացված աշխատանքների նկատմամբ: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

* Ելույթ-շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:

* Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման պահից։ Ելույթ-շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 29-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում:

* Ելույթ-շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Ցեղասպանության կանխարգելում»։

* Ելույթ-շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաև անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամար և լուսանկար: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի և հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:

* Մրցույթի արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգև՝ համապատասխանաբար 250.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամի չափով: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հուշանվերներ:

* Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու մյուս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին:

* Մրցույթի հաղթողներին կորոշի ՀՀ ԱԳՆ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ ժյուրին: