«Հրապարակ»․ ԱԺ խոսնակին ԱԽ նիստերին մասնակցելու մասին նախագիծը կարող է նորից շրջանառվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«Հրապարակը» գրում է․ «Ինչո՞ւ հենց Դուք հանդես եկաք այդ առաջարկով՝ որ ԱԺ նախագահն ԱԽ նիստերին մասնակցելու հնարավորություն ստանա, հարցրինք մերժված նախագծի հեղինակ Աննա Կարապետյանին։ «Հատուկ ընդգծվածություն չկար՝ խնդիրն առաջացել էր դեռ նախորդ տարվա փետրվարյան քննարկումներից, երբ խորհրդարանում քննարկվում էր ԱԽ-ին վերաբերող հարցը։ Այդ ժամանակ եկանք եզրակացության, որ անհնար է՝ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի ղեկավարը ներկայացված չլինի Անվտանգության խորհրդում»:

Նախագիծը համաձայնեցվա՞ծ էր վարչապետի հետ։ «Նախագիծը գրելիս, իհարկե, հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, այդ հարցը չենք քննարկել, սակայն, գիտեք, ընթացակարգով շրջանառվել է և ստացել կառավարության դրական կարծիքը»:

2-րդ անգամ բերելո՞ւ եք օրինագիծը։ «Այ, այդ մասին դեռ չեմ մտածել. հստակեցրի` ձեզ տեղյալ կպահեմ։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ նորից դնեմ շրջանառության մեջ»: Կարո՞ղ ենք ասել, որ թիմը թերացավ այս հարցում։ «Չէի ասի, եթե հետևել եք քննարկումներին, «Բարգավաճ Հայաստանից» ասում էին` օրինագծի ընդունումն անհրաժեշտ է, իհարկե, կողմ ենք քվեարկելու, սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ այդպես չվարվեցին։ Ես համարում եմ, որ դա  ճիշտ մոտեցում չէ, քանզի այն նաև ազգային անվտանգության խնդիր է»:

ԲՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենք միանշանակ չեն ասել, որ կողմ են քվեարկելու, և վարվել են այնպես, ինչպես հարմար են գտել` ակնարկելով նախորդ օրվա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակումը» Գևորգ Պետրոսյանի վրա․ «Թող հասկանան, որ մենք ԱԺ 2-րդ ուժն ենք, և իրենց այդ կարգի պահվածքը միշտ է հակահարվածի արժանանալու»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: