Արմավիրում մի քանի ժամ պայքարում էին անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խշոոր եղջերավոր անասուն:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում եղած ողջ ապրանքները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս: