Երեխան, հույսը դնելով Աստծու վրա, ծուլանում է ու չի աշխատում․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Իրավունք» թերթի հետ հարցազրույցում նշել էր․ «Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում է հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն»։

Այս թեմայով 24News-ը զրուցել է պատգամավորի հետ։ 

-Պարո՛ն Աղազարյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ շատ ցավալի է, որ Ձեր 7 տարեկան թոռնիկն աղոթում է։ Դա անվանել էիք հոգեորսություն։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։

-Ես կարծում եմ, որ 7 տարեկան երեխան չունի այն մտածողության չափանիշները, դեռ չի ապրել այնքան իմաստալից կյանք, որպեսզի կարողանա կողմնորոշվել Աստծու գոյության հարցում։
Ցավոք սրտի, որոշ դեպքերում ուսուցիչներն այս թեման օգտագործում են երեխաներին վախեցնելու համար, ես դա համարում եմ հոգեորսություն։ Որևէ մեկը կարո՞ղ է համարձակվել ինձ ասել, որ 7 տարեկան երեխան հասկանում է, թե ինչ է նշանակում Աստված։ 

-Ձեր թոռնիկը «Հայր մե՞րն» է աղոթում։ 

-«Հայր մերը» ոչինչ, որ արտասանի, դա մեր ազգի մեջ ընդունված մշակույթ է, դա ուրիշ հարց է, իսկ աղոթելը և այս կամ այն հարցով աստծուն դիմելն արդեն այլ հարց է։

Սարսափելին այն է, որ երեխաներն այդ ձևով կարող են հույսը դնել աստծու վրա, և դրանով արդարացնել իրենց ծուլությունը և չաշխատելը։ Ես ինքս կրում եմ քրիստոնեական արժեհամակարգը և աշխատում եմ այդ ձևով ապրել, ոչ թե առավոտյան, ցերեկը մեղք գործել, երեկոյան գնալ եկեղեցի մեղքերի թողություն անել և հաջորդ օրը նույն կերպ ապրել։ 

Քրիստոնեությունն ինձ համար հայի ինքնության կարևորագույն հատկանիշներից մեկն է, դա արժեհամակարգ է, ես նաև հարգում և ընդունում եմ բոլոր կրոնների հետևորդներին, որովհետև նրանք մարդիկ են և մենք պարտավոր ենք նրանց հարգել։

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ սա դպրոցում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՞ ազդեցությունն է։ 

-Այո, կա այդ ազդեցությունը։ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի կարևորագույն նշանակությունն է, բայց դրա փոխարեն սովորեցնում են Աստծո գոյության, չգոյության, Աստծո նկատմամբ հավատի, աղոթելով Աստծուն դիմելու նման բաներ, ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա մատաղ սերնդի համար։

-Պարո՛ն Աղազարյան, կարո՞ղ ենք ասել, որ Դուք կողմ եք ԿԳՄՍ նախարարության հայագիտական առարկաների վերաբերյալ նախագծին։ 

-Ես կողմ եմ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միացվի «Հայ ժողովրդի պատմությանը»։ Ընդունում եմ, որ սերունդը ծանոթ լինի հայ ժողովրդի պատմության էջերին, որը միշտ ուղեկցվել է եկեղեցու պատմությամբ։ Հայապահպանության գործում եկեղեցու դերը երեխաները պետք է իմանան, բայց հայ ժողովրդի պատմության շրջանակներում։

Հարցազրույցը՝ Սոնա Գրիգորյանի